ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ձմեռը կիսվել է

Ձմեռը կիսվել է
15.01.2024 | 18:09

Հունվարի 15։ Էսօր ձմեռահավասարն է։ Ձմեռը կիսվել է՝ ուղիղ 45 օր անցել է, ու 45 օր էլ մնացել է։ Ճիշտ է՝ բոլոր տոները մնացել են անցած կեսում՝ Նոր տարին, Սուրբ Ծնունդը, Հին Նոր տարին, բայց էդ կեսը դժվար մասն էր՝ ծանր-ծանր բարձրանում էինք դեպի ձմեռվա գագաթը, ու վերջը չէր երևում, իսկ վաղվանից հանգիստ իջնելու ենք ձմռան գագաթից դեպի գարուն՝ կամաց-կամաց հանելով ու ճանապարհին թողնելով ձմեռային ծանր շորերն ու տրամադրությունը, քաղելով ճանապարհի եզրերին բուսած մանուշակներն ու ձնծաղիկները, ու գարունն անընդհատ աչքներիս առաջ է լինելու, օր օրի մոտենալու է։ Հենց էսօր է շրջադարձային պահը, որը գարունն անխուսափելի է դարձնում, հենց էսօր են առաջին անգամ հորիզոնում երևում էն օրերը, երբ ցուրտը սառնարանում է թաքնվում, հենց էսօրվանից է ձմռան ստվերը սկսում կարճանալ բարձրացող արևի տակ։

Ընդամենը 45 օր։ Մեղվի համար դա երկարակեցություն է, մկան համար՝ մանկություն, մասուրի թփի համար՝ ծաղկունք, իսկ կաղնու համար՝ ակնթարթ։ Հիմա մեզ 45 օրը երկար է թվում, ինչպես ցրտից իր տաքուկ բնում պատսպարված մկանը, բայց երբ անցնի, ու հետ նայենք, մենք էլ մեզ կաղնու նման կզգանք։

Իհարկե՝ երաշխիք չկա, որ ձմեռը 45 օրից միանգամից կգնա, որովհետև դեռ կարգին չի էլ եկել։ Բայց գարունը կգա՝ անկախ դրանից։ Ինչ-որ ժամանակ երկրագնդի հյուսիսային կիսագնդում օդերևութաբանական երկիշխանություն կլինի, բայց վերջում գարունը կհաղթի։ Գարունը միշտ է հաղթում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ